Ամանորյան տոնական տրամադրությունները զգալի են ամենուր։ Պայթուցիկային-նախաամանորյան մղձավանջը մեկնարկել է։ Մայրաքաղաքում սկսվել է պայթուցիկա-ճայթուկային խրախճանքը, դրանք ազատ ու անկաշկանդ վաճառվում են ամենուր, և որոտում են լուսաբացից մայրամուտ։ Ընդ որում, հասարակական համակեցության նորմերը խախտելուց զատ` դարձել են բավականին վտանգահարույց, պատանի հրոսակները, վերգետնյա անցումների վրա դարանակալելով, պայթուցիկն ուղղակի նետում են ներքևից անցնող մեքենաների վրա։ Համենայն դեպս, այսպես է Երևանի Շիրազի փողոցի վերգետնյա անցումի վրա։
Սա իր հերթին։ Միաժամանակ վնասվել են որոշ պայթուցիկասերների դեմքերն ու ձեռքերը։ Ինչ անել։ Բացատրական աշխատանքնե՞ր գուցե սկսել։ Սկսել դպրոցներում, փողոցներում, առհասարակ, ամեն օր։ Սակայն կասկածելի է, թե դա շոշափելի արդյունք կունենա։ Մնում է, որ ամենուր կանխվի դրանց առևտուրը։ Եվ գոնե այս նախաամանորյան և հետամանորյան տոնական օրերին չխաթարվի մեր տոնական տրամադրությունը։ Այնպես որ, հարգարժան պատկան մարմիններ, անցեք գործի։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ.
1. Դեկտեմբերի 14-ին` ժամը 15.20-ի սահմաններում, Վաղարշապատի բժշկական կենտրոնից ահազանգ է եղել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Պարզվել է, որ զույգ աչքերի ակնագնդերի և եղջերաթաղանթի թերմիկ այրվածք և կոնյունկտիվիտային բազմակի օտար մարմինների ախտորոշմամբ բժշկական կենտրոն է տեղափոխվել Արաքս գյուղի բնակիչ, 8-ամյա Արտյոմ Հովհաննիսյանը։ Այս ծանր վնասվածքը երեխան ստացել է պայթուցիկի պայթեցման պահին։
2. Կառավարության 2015-ի սեպտեմբերի 10-ի նիստում հավանության արժանացան օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի մի շարք առաջարկներ, որոնք վերաբերում են ձեռնարկատիրության և էներգետիկայի ոլորտներին։ Մասնավորապես լիցենզավորման ենթակա գործունեության մի շարք տեսակների իրականացման համար ներդրվում է ծանուցման մեխանիզմը։ Ըստ կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանի, այդ գործունեության տեսակներն են հրագործական ապրանքների արտադրությունը, ներմուծումը կամ առևտուրը։ Տնտեսավարողը վճարում է համապատասխան տուրքը, տեղեկատվություն է ներկայացնում, որի ճշգրիտ լինելու դեպքում 5 օրվա ընթացքում սկսում է գործունեությունը։
3. Ի դեպ, պայթուցիկները հրագործական ապրանք են։ Վերոնշյալ դեպքն էլ, ցավոք, եզակի չէ։ Այսպիսով, ՀՀ կառավարությունը, վարչապետ Հովիկ Աբրահամյանի անմիջական վերահսկողության ներքո, պետք է անհապաղ կանխի պայթուցիկների վաճառքը ողջ հանրապետությունում։ Հակառակ դեպքում հետագա աղետները մանուկների շրջանում մնալու են վարչապետի խղճի վրա։ Ինչպես և այն մարդկանց խղճի վրա, ովքեր համոզված են, որ ճայթուկներն ու պայթուցիկները Ամանորի անբաժան մասն են, և առանց դրանց պայթյունների մանուկների ու պատանիների Ամանորի տոնը կխաթարվի։